Երբեք չէի պատկերացնի, որ հինգ օրվա ընթացքում կարող է նման կապվածություն առաջանալ մարդկանց միջև:
Կիրակի առավոտյան թռանք Ստամբուլ: Ութից ավելի տաղտկալի ժամ անցկացրինք Ստամբուլի օդանավակայանում: Սպասում էինք մեր թռիչքին դեպի Իզմիր: Երեկոյան շատ ուշ հասանք Իզմիր: Իզմիրի օդանավակայանում մեզնից բացի ոչ ոք չկար: Վերջապես գնացինք ճամբար: Բոլորը արդեն քնած էին: Մենք էլ հարմար տեղավորվեցինք ու քնեցինք: Առավոտյան ժամը ութին մեզ արթնացրին ու զգացինք, որ սկսվել է առաջին ճամբարական օրը: Բաժանվեցինք խմբերի, ծանոթացանք մեր ջոկատավարի՝ Ջոզեֆի հետ: Օրվա երկրորդ կեսին նրան Էֆեն էր փոխարինում (մի հիասքանչ անձնավորություն): Գնացինք նախաճաշի: Մինչև այսօր չեմ մոռանում թուրքական ճաշատեսակների հիասքանչ համը: Այս հինգ օրերի ընթացքում փորձեցինք բոլոր սիմուլյատորները, օդապարուկ պատրաստեցինք ու թռցրինք, հրթիռ պատրաստեցինք ու թռցրինք, գնացինք լողավազան, ֆիլմերի գիշերվա ընթացքում հիանալի ֆիլմ դիտեցինք, ներկայացրինք մեր ազգային երգն ու պարը ու տեսանք մյուսներինը, տիեզերք թռանք ու հետ վերադարձանք, լսեցինք Լեքսի անկրկնելի ձայնն ու կատարյալ պրեզենտացիաները, խորովածի գիշեր ունեցանք: Ինձ ամենից շատ դուր եկան պրեզենտացիաներն ու խորովածի գիշերը: Գիշերվա ընթացքում փոխանակվեցինք նվերներով ու սկսեցինք պարել: Պարեցինք թուրքական, հայկական, բուլղարական, հունական պարեր: Ավաղ, ավարտը երջանիկ չէր: Հայերիս խումբը ճամբարից դուրս էր գալու լուսադեմին ու մենք չէինք հասցնելու ստանալ մեր սերտիֆիկատները արարողության ընթացքում, չէինք հասցնելու հրաժեշտ տալ ջոկատավարներին ու մյուս ճամբարականներին: Այս ամենը պիտի արվեր գիշերվա ընթացքում: Արցունքները տեղին էին: Ինձ համար ծանր էր հրաժեշտ տալ ընկերներիս ու ջոկատավարներիս, ովքեր այդքան հարազատ էին ինձ: Առավոտյան ժամը հինգին դուրս եկանք ճամբարից ու գնացինք օդանավակայան: Թռանք Ստամբուլ: Այնտեղ անցկացրինք քսաներեք ժամ ու թռանք Երևան: Երբ ինքնաթիռի լուսամուտից տեսա Երևանյան ոչ այնքան գեղեցիկ ու ոչ այնքան հուսադրող տները, հասկացա, որ իմ թուրքական հեքիաթն ավարտվեց:Այն էլ երբեք չի կրկնվի:
Դեռ երեկ երեկոյան ես երազում էի ևս մեկ անգամ լինել տիեզերագիտական ճամբարում, բայց որոշ փոփոխություններ եղան, որոնց մասին ավելի լավ է լռել: