Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ–ից պակաս է: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև EN: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր:
Բազմամյա խոտաբույս՝ միայնակ հաստ ցողուններով մինչև 40–50 սմ բարձրության: Ծաղկաբույլը՝ խիտ, հաստ մինչև 20 սմ երկարության և 4–5 սմ լայնության: Պսակը՝ դժգույն բաց երկնագույն, թեթևակի զիգոմորֆ: Բաժակը՝ ձուլաթերթ, միանման մասերով, բաժակաթերթերը՝ եզրերից բոդոտ–մազոտ:
Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխի և Խոր Վիրապի շրջակայք): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը՝ 1. Հայաստանից բացի աճում է նաև Ադրբեջանում, Միջին Ասիայում, Անատոլիայում, Իրանում, Տիբեթում և Մոնղոլիայում:
Մակաբույծ բույս է: Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700–900 բարձրությունների վրա, աղակալված հողերում և աղուտներում, կիսաանապատային բուսականության մեջ, ոռոգիչ ջրանցքների ափերին: Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին: Ծաղկման երկրորդ շրջանը դիտվում է սեպտեմբերին:
Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և մելիորացիայի հետ:
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով և իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ–ի ստեղծում աղուտների վրա: