Պատերազմն արդեն պարտություն է

Պատերազմը պարտություն է ազգերի համար՝ հաղթանակ մեկի կամ մի քանիսի համար։ Հիմնականում շահում է նա, ով սեղմել է <<պատերազմի կոճակը>>։ Պատերազմ սկսողը սրիկա է։

Մարդիկ ովքեր գաղափար չունեն ինչ է պատերազմը այնպիսի հպարտությամբ են խոսում հաղթած պատերազմների մասին, այնպիսի կրքով են պատմում դրանց մասին իրենց երեխաներին ու վերջում էլ մի քանի հայհոյանք սովորեցնում։

Եթե տարածքներ ես գրավել նշանակու՞մ է հաղթել ես, Եթե տարածքներ ես կորցրել նշանակու՞մ է պարտվել ես։ Նրանք ովքեր հարազատներ են կորցրել կորցրել են կյանքի իմաստը, ապրելու ցանկությունը անկախ գրաված կամ կորցրած տարածքի չափից։

Ի՞նչպես պիտի ապրեն նրանք ովքեր վերադարձել են առանց ձեռքի կամ ոտքի։ Ի՞նչպես պիտի ապրեն նրանք ովքեր վերադարձել են ձեռքով և ոտքով, բայց խախտված հոգեբանությամբ։ Ի՞նչպես պիտի ապրեն ծնողները, ովքեր տեղեկություն չունեն իրենց զավակներից։ Ի՞նչը պիտի մխիթարի նրանց։ Հավանաբար հետմահու մեդալներն ու հայրենիքի վեհ գաղափարը։

Ցավում եմ, բայց ես օժտված չեմ նման հայրենասիրությամբ։ Ինձ հաղթող չեմ համարի, եթե սիրելիներիցս մեկը մեռնի հայրենիքի համար։ Ինձ հաղթող չեմ համարի, եթե ինչ-որ մեկի սիրելիներից մեկը մեռնի հանուն հայրենիքի վեհ գաղափարի։

<<Ես հիմա ապրում եմ երկուսիս փոխարեն>>, <<Դու հաղթեցիր>>, <<Դու անմահացար>> և նմանատիպ ֆեյսբուքյան գրառումները ինքնամխիթարման տարբերակ են։ Ինձ հանուն հայրենիքի զոհված ու հերոսացած հայրեր ու զավակներ պետք չեն։

Լավ, թող հայրդ այսօր գնա զոհվի, որ վաղը ձեր տուն չհասնեն։ Երբևէ մտածե՞լ եք, որ եթե հայրս այսօր զոհվի ես վաղը տուն չեմ ունենա։

Յուրաքանչյուրիս համար աշխարհը սկսվում ու ավարտվում է մեր զավակով։

Մայրս ամեն օր լալիս է ռազմագերիների համար։ Մի օր հարցրեցի կտա՞ր ինձ բոլոր ռազմագերիների դիմաց։ Չեմ կարծում թե իմ հանդեպ բուռն զգացմունքներ է տածում, բայց ասաց ոչ։ << Ոչ, բայց ես կհանձնվեի>>։

Բոլոր ընտանիքները որոնք հարազատներ են կորցրել չեն կարող հաղթած լինել։ Բոլոր նրանք ովքեր հարազատներ չեն կորցրել, բայց մտահոգված են այդ ընտանիքների ցավով չեն կարող հաղթած լինել։

Ես պարտված եմ, քանի որ ընտանիք չեմ կազմելու ու զավակներ չեմ ծնելու։ Ես զավակներ չեմ ծնելու, որ հանուն հայրենիքի ուղարկեմ մահվան։ Ես ամուսնական երդում չեմ տալու, որ հանուն հայրենիքի այրիանամ։

Ես ու իմ նման միլիոնավոր երիտասարդներ պարտվել ու պարտվում են հանուն սրիկաների շահերի ու բարեկեցության։

Մարդասիրություն գոյություն չունի։ Մեզ բավականաչափ չսիրեցին ապագան չկործանելու համար։

Ի՞նչպես պիտի վերնագրենք ՀԱՅՈՑ պատմության այս բաժինը՝ ԱՆԲԱՐՈ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ։

Pin on My Personal Style

ՆԱՐԵԿԱՑԻ

Արդ, նախ պետք է պարզել, թե ինչ է նշանակում Երգ Երգոց, և դրանով իսկ ուսանել նրա անբավ արժեքը: Երգ Երգոց նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել «սրբությունների Սրբություն», ինչպես ասում է հենց առաքյալը: Այսինքն, եթե եկեղեցին սրբություն է, ապա խորանը ևս սուրբ է, կրկին սուրբ և ավելի սուրբ: Նույնպես և այն բոլոր երգերից ու օրհնություններից գերազանց է: Ինչպես նորերից Ավետարանն այլ գրքերից ավելի սուրբ և պատվական է կոչվում, այնպես էլ նա է` հների մեջ: Հարկ է ասել, որ տաճարում երգում էին եղանակով, առավել ևս հանգավոր և մարգարեական հոգով, քան Դավթի սաղմոսները, որովհետև անմեկնելի է այդ սարսափելի խոսքերի մեջ թաքնված խորհուրդը: Եվ մարմնեղեններից ոչ ոք չի կարող հասկանալ դա, եթե հոգով Պողոսի պես չէ, որ երրորդ երկինքը բարձրացավ և լսեց անճառելի խոսքերը, որոնք խոսելը վեր է մարդու կարողությունից: Որովհետև այս լսելիքը ի զորու չէ լսելու Աստծո խորհուրդները, և ոչ էլ այս աչքերը` (հայելու) Աստծո տեսությունը:

Արդ, Սողոմոնը, կամենալով անճառելի բաներ պատմել, դրանք նմանեցրեց մարմնեղենների, այսինքն` հարսի և փեսայի, եղբորորդու և օրիորդի, դստեր և աղավնու, ստինքների և խունկի, թափված յուղի, խնձորի, այծյամի, Սողոմոնի, թագավորի, Երիուսաղեմ քաղաքի, պարտեզի և նմանատիպ` ակնահաճո, ախորժալուր և մտափափագ բաների: Քանզի ինչպես մանկանց ծնողները արժեքավոր բաները բարետես ամանի մեջ են թաքցնում, որովհետև նրանց համար արտաքին տեսքն ավելի ցանկալի է լինում, քան ներսում պահված գանձը, որպեսզի դրանով իսկ նրանց հորդորեն զգուշությամբ պահպանել ներսում եղածը, նույն կերպ և անուշ ու թանկագին յուղը` նարդոսը, ինչպես ինքն է ասում, ամանում է ամփոփվում, որովհետև անուշ հոտը բաց տեղում չի կարող մնալ, ինչպես որ Տերն իսկ սուրբ Ավետարանում ասում է, թե «Մի՛ նետեք ձեր մարգարիտները խոզերի առաջ», այսինքն` թե տկար լսելիքներին անճառելի բաներ մի՛ տվեք: Նույն հոգին Սողոմոնին սովորեցրեց հոգու լույսով տեսածը հայտնապես չսփռել և ամենևին չթաքցնել եկեղեցու խորհուրդները` թե՛ փրկությունը, թե՛ Քրիստոսի մարմնանալը և թե՛ այն ամենը, ինչ կրեց մարդկանց հանդեպ ունեցած սիրո համար` թե՛ մահը, թե՛ հարությունը, թե՛ մյուս անգամ գալուստը: Եվ այն ամենը, ինչ որ կա այնտեղ, պահվում է որպես սրբերի անիմանալի պարգևներ և առ Քրիստոս սրբերի սիրո տռփանք, որ արյամբ ու մահով կրեցին իրենց անձերի մեջ` սիրելով Քրիստոսին, ինչպես որ նա` մեզ, որ իր անսահման սերը մեզ հայտնելու համար ստիպված էր մարմին առնելու, նաև` իր սուրբ արյունը հեղել մեզ համար:

Նա, որ իբրև Աստված կարող էր մեզ իշխանաբար փրկել սատանայական բռնություններից, այդ արեց արդարությամբ և նրան բռնությամբ կապեց: Նույնիսկ դա խաղաղաբար արեց և ոչ տիրաբար:

Որպեսզի արդարությամբ և ողորմությամբ փրկվի մարդու գերությունը, այսինքն` մահը, որով արդարորեն դատապարտվեցինք հող դառնալ` պտղից չուտելու պատվիրանն անարգելու պատճառով, և արդար դատը, հակառակ որ ուներ իշխանություն, առանց արդարության չկատարեց: Եվ ինքը Ադամի մարմինը հագավ և նրա մահը իր վրա առավ և արդարությամբ փրկեց: Նաև արդարությանը ողորմություն խառնեց և ողորմությանը` արդարություն: Եվ այս ամենով ի ցույց դրեց մեր հանդեպ ունեցած անսահման սերը:

Այս ամենն է պատմում Երգ Երգոցը` եկեղեցու պայծառազարդությունը խաչով և խորանով, Տիրոջ մարմնով և արյունով, սուրբ ավազանով և սուրբ յուղով, Հին և Նոր Կտակարաններով, առաքյալներով և մարգարեներով, վարդապետներով, քահանաներով և ճգնավորներով, կույսերով և մարտիրոսներով, քրիստոնյա թագավորներով և համայն անբիծ ժողովրդով, որ պիտի հաստատեր եկեղեցու մեջ: Եվ նմանատիպ այլ անքննելի պարգևները, ինչպես նաև ուրիշները, որոնք առակավոր խոսքերով ցույց տվեց մեզ:

Ո՞ր պնդումն է սխալ Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգության>> երկի վերաբերյալ։

  1. Բանաստեղծը հանդես է գալիս որպես համայն մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է վերցրել բոլորի մեղքերը
  2. Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։
  3. Որքան շատ են թվարկվում մարդկանց մեղքերը, այնքան խորանում են հոգու տառապանքն ու ողբերգությունը
  4. Երկն ավարտվում է նրանով, որ մարդու հոգին թաղված է մեղքերի մեջ և փրկություն չունի

Գրիգոր Նարեկացու ո՞ր տաղից է տրված հատվածը

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,
երկու փայլակնաձև արեգական նման.
շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ

Գրիգոր նարեկացի,Սյաթ-Նովա,Հովանես Թումանյան – Վիկա Արևշտյան

Սովորում եմ․․․

Տեքստային աշխատանք

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…
  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
  • Կիրթ մարդը չպետք է…
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
  • Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
  • Որակյալ կրթությունը…
  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
  • Սովորում եմ սովորել…
  • Մեդիան օգնում է ինձ սովորել…
  • Ես սովորում եմ, որ…
  • Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ…

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:

ՈՐՏԵՂ Է ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Կրթություն ասելով հասկանում եմ տարբեր (քեզ պիտանի և հետաքրքրող) ոլորտներում ինֆորմացիայի տիրապետելու կարողությունը։ Կիրթ եմ համարում այն մարդուն, որը յուրաքանչյուր անձի հետ ունի յուրահատուկ շփման ձև ըստ տվյալ անձի մտածելակերպի։ Իրեն ոչ ոքից բարձր չի դասում, եթե նույնիսկ տվյալ ոլորտի հետ կապված տիրապետում է ավելի շատ ինֆորմացիայի քան դիմացինը, բաց է քննադատությունների և նոր ինֆորմացիայի առաջ։Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև դրական եմ համարում կիրթ լինելը ու կարծում եմ, որ կիրթ մարդիկ հասարակությանը օգուտ են բերում։ Կիրթ մարդը չպետք է վիճի դիմացինի հետ, եթե նույնիսկ վստահ է, որ ինքը ճիշտ է։ Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի` չեմ լսում դիմացինիս նախքան ենթադրությունները անելը։Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն։ Որակյալ կրթությունը միայն ուղղագրությունն ու թվերը չեն։ Որակյալ կրթությունը մարդուն իր ցանկացածը սովորելու հնարավորություն տալն է։ Մարդ չի կարող որակով անել այն ինչ չի սիրում։ Տհաճություն զգալով մաթեմատիկա կամ պատմություն սովորելը չի կարող որակյալ կրթություն համարվել։ Այն ինչ ես անգիր կանեմ այսօր չեմ հիշի վաղը։ Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որը կօգնի բավարարված զգալ գիտելիքի առումով և բավականաչափ գումար վաստակել լիարժեք ապրելու և որոշ վայելքների համար։ Չեմ կարծում, որ թեորեմ հիշելը կամ x-ը գտնելը երջանկության զգացողություն կբերեն ինձ։

Ինքնակրթություն ասելով հասկանում եմ որևէ ոլորտում առանց ինչ-որ մեկի օգնության ինֆորմացիա ձեռք բերելու կարողությունը։ Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև առանց ինքնակրթվելու հնարավոր չէ ինչ-որ ոլորտում զարգանալն ու մասնագիտանալը։ Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև աշխարհը անընդհատ զարգացում է ապրում ու միշտ սովորելու բան կգտնվի։ Մարդիկ, ովքեր բաց չեն նոր ինֆորմացիայի առաջ գոյատևելու խնդիր կունենան։ Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև մարդը պիտի կրթվի միշտ։ Դասից առաջ հետո և ընթացքում։ Կրթությունը չի սկսում և ավարտվում դպրոցում կամ համալսարանում։

Սովորում եմ սովորել, քանի որ հնարավոր չէ ապրել առանց սովորելու։ Սկզբում պիտի սովորես հաճույքով սովորել ու հստակ գիտակցել, թե ինչ պիտի սովորես ու ինչի համար։ Չես կարող արդյունավետ լինել, եթե չես հասկանում ինչպես պիտի օգտագործես սովորածդ։

Մեդիան օգնում է ինձ սովորել։ Մեդիան գլխավոր գործիքն է, որը օգնում է ստանալ յուրաքանչյուր տեսակի ինֆորմացիա։ Կարծում եմ այսօր այն բոլորին է օգնում սովորել։Ես սովորում եմ, որ…Որոշ բաներ սովորում եմ, քանի որ պարտադրված եմ։ Սովորում եմ, որ քննություն հանձնեմ ու «թերթիկ» ունենամ։ Որոշ բաներ էլ սովորում եմ, քանի որ հետաքրքիր է և ուզում եմ։ Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ… Շատ բան կփոխեմ ինձ համար և իմ կյանքում։ Մյուսների համար պատասխանատվություն չեմ կարող կրել։ Յուրաքանչյուր մարդ ինքն է փոխում իր կյանքը։ Չեմ կարող բաներ փոխել դիմացինիս կյանքում։ Կարծում եմ կյանքը կարճ է ինչ-որ մեկին կամ աշխարհը փոխելու փորձեր անելու համար։

3. Կարդում ենք Բորխեսի «Պարացելսի վարդը»։
Քննարկման թեման.

  • ուսուցիչ՝ ինչ հատկանիշներ է ունենում
  • աշակերտ՝ ինչ հատկանիշներ պիտի ունենա
  • աշակերտելու եկած մարդու վերաբերմունքը ուսուցչին. պաշտպանեք կամ պախարակեք աշակերտի վարքը, բացատրեք ուսուցչի վարքը։

Միակ բանը, որ ուսուցչին ուսուցիչ է դարձնում սովորեցնելու կարողությունն է։ Հավատացած եմ, որ կան մարդիկ, ովքեր կարողանում են սովորեցնել և կան մարդիկ, ովքեր գերազանց տիրապետում են ինֆորմացիային, բայց ունակ չեն սովորեցնել։ Միայն որոշակի գիտելիքը և դիպլոմը մարդուն ուսուցիչ չի դարձնում։

Աշակերտը պիտի լսելու ու հասկանալու ունակություն ունենա։

Աշակերտելու եկած մարդը պիտի 100%- վստահություն ունենա ուսուցչի հանդեպ, բայց դժվար է հավատալ, եթե չես տեսել։ Չեմ կարող քննադատել աշակերտին։

Ուսուցիչը աշակերտի մեջ չտեսավ վստահություն։ Հետևաբար նա հասկացավ, որ չի կարող ինչ-որ բան սովորեցնել տղային։

Չեմ քննադատում նրանցից ոչ ոքի։ Ուսուցիչն ու աշակերտը չէին համապատասխանում միմյանց։ Տղային պետք էր մեկը, ով կամացուցեր իր ճիշտ լինելը մինչև ինչ-որ բան սովորեցնելը։ Ուսուցչին պետք էր մեկը, ով լիարժեք վստահություն կունենար ու առանց քննարկելու կաներ այն ամենն ինչ նա կասեր։

Անդրե Մորուա։ Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Պատմվածքը մի դերասանուհու մասին է, ով մեկ տարի շարունակ մանուշակներ էր ստանում պոլիտեխնիկի ուսանողից։ Երբ նա վերջապես հասկացավ, որ ուզում է հանդիպել տղային տղան դադարեց թատրոն գնալ։ Մեկ տարի հետո դերասանուհու մոտ եկավ տղայի հայրը ու պատմեց, որ նա գնացել էր Մադագասկար կռվելու որպեսզի փախչի կնոջ հանդեպ սիրուց ու զոհվել է։ Հայրը նրան հանձնեց նամակները ու դերասանուհին խոստացավ ամեն չորեքշաբթի մանուշակներ տանել տղայի գերեզմանին մինչև իր կյանքի վերջը։

Կարծում եմ երբեմն մեզ տրվում են ակնթարթներ, որոնք մենք բաց ենք թողնում։ Պետք է բռնել կյանքի հիասքանչ ակնթարներն ու հնարավորությունները ու բաց չթողնել այլապես կզղջաս ամբողջ կյանքիդ ընթացքում։ Կյանքումս եղել է դեպք, երբ առանց երկար մտածելու գործել եմ ու մինչև օրս երախտապարտ եմ այդ քայլիս համար։ Չեմ ուզում պատկերացնել որքան ձանձրալի կլիներ կյանքքս, եթե պահը բաց թողնեի։

Աշխարհին մաքրություն է պետք

Աշխարհին մաքրություն է պետք, բայց ոչ միայն ֆիզիկական առումով։ Միակ անհանգստանալու պատճառը աղբը չէ։ Մարդիկ իրենց ներսում ավելի շատ ու ավելի վնասակար աղբ են կուտակում քան կա աշխարհի երեսին։ Հարցը միայն պլաստիկը չէ, որը չի քայքայվում։ Մարդկանց ներսի նախանձն ու թույնը նույնպես հեշտությամբ չեն քայքայվում։Դրանք չքայքայվելուց հետ մեկտեղ քայքայում ու վնասում են մի շարք մարդկանց հոգիները։ Այն փաստը, որ դելֆինները վերադարձել են Վենետիկ աշխարհը մաքուր չի դարձնում։ Աշխարհի մաքրությունը վերականգնելու երկու տարբերակ կա։ Մարդիկ պիտի վերացնեն իրենց նախանձը, խանդն ու չարությոունը կամ բնությունը պիտի վերացնի մարդկանց։ Ըստ ինձ երկրորդ տարբերակը ամենահավանականն է ու այդ գործընթացը արդեն սկսվել է։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Hippies dancing | Дреды, Вудсток и Хиппи

Ինչպես եմ ինձ պատկերացնում ինքնամեկուսացումից հետո

Կուզեի ասել, որ ինքնամեկուսացումից հետո ինձ պատկերացնում եմ այնպես ինչպես ինքնամեկուսացումից առաջ, բայց չեմ կարող։ Արդեն որոշ հոգեկան շեղումներ եմ նկատում ինքս ինձ մոտ։ Սկսենք նրանից, որ ես չեմ ինքնամեկուսացել, ինձ  <<ինքնամեկուսացրել են>>։ Ես հոգեբանորեն ճնշված եմ։ Կյանքիս լավագույն օրերը անցկացնում եմ ինքնամեկուսացված։ Չեմ կարողանում տեսնել ընկերներիս ու սիրելիներիս։ Կարոտում եմ հասարակ մարդկային շփումը ու դպրոցը։ Զզվել եմ հեռավար ուսուցումից։ Վերջապես ուզում եմ հանդիպել դասավանդողներիս։ Ուզում եմ գնալ ակումբ, թատրոն, կինո, համերգ։ Իմ բնականոն կյանքն եմ ուզում։

Ստիպված եմ 18 ամյակս ինքնամեկուսացման մեջ տոնել։ Չեմ կարծում, որ այս ամենից հետո մարդիկ կարող են հեշտությամբ վերադառնալ բնականոն կյանքին այդ թվում նաև ես։ Շատերը կունենան ֆինանսական խնդիրներ, ոմանք արդեն ունեն։ Հնարավոր չէ ինքնամեկուսացումից հետո վերադառնալ բնականոն կյանքի։

Կարճ ասած ինքնամեկուսացումից հետո ինձ պատկերացնում եմ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող  մի մարդու դերում։ Եթե իհարկե մինչև կարանտինի ավարտը կարողանամ գոյատևել չորս պատի մեջ։ Ըստ իմ կանխատեսումների ես վշտից կմահանամ մայիսի մեկին, երբ գիտակցեմ, որ ապրիլի երեսունն անցավ ու ես 18 տարիս նշեցի ինքնամեկուսացման մեջ։

Նոր աշխարհ

Մենք արդեն ապրում ենք նոր աշխարհում, որը ավելի վատն է քան մեր աշխարհը։ Նոր աշխարհը կառավարվում է մի քանի անձանց միջոցով։ Կորոնավիրուսը էպիդեմիա կամ պանդեմիա չէ։ Այն խուճապ առաջացնելու ու հոգեբամական ճնշում գործադրելու միջոց է։ Ըստ վիճակագրության տուբերկուլյոզից և այլ հիվանդություններից մահանում են ավելի շատ մարդիկ։ Ոչ ոք չի խոսում տուբերկուլյոզից մահացած մարդկանց մասին։

Նշեմ, որ վիրուսի մասին խոսում են միայն քաղաքական գործիչները։ Ու՞ր են բժիշկները, պանդեմիայի մասնագետները, վիրուսային հիվանդությունների մասնագետները։ Նրանք հեռուստատեսությամբ ելույթ չեն ունենում։ Մեզ խուճապի մատնողը կառավարությունն է։

Շատ երկրներում այդ թվում նաև Հայաստանում օրենք է ընդունվել ըստ որի կառավարությունը կարող է տեղորոշել ցանկացած մարդու։ Սա տոտալ վերահսկողություն է մարդկության վրա։ Սա մարդու իրավունքների խստագույն խախտում է օրինական ճանապարհով։ Պատգամավորների մեծամասնությունը դեմ էր օրենքի ընդունմանը, բայց այն այնուամենայնիվ ընդունվեց։ Ու սա անվանվեց պայքար վիրուսի դեմ։ Մարդու իրավունքների խախտում, բացարձակ վերահսկողություն յուրաքանչյուրիս վրա վիրուսի դեմ պայքարելու համար։

Առաջացվել է խուճապի ՊԱՆԴԵՄԻԱ մարդկանց վրա տոտալ վերահսկողություն ունենալու համար։

Նոր աշխարհը մեզ չի պատկանում։ Նոր աշխարհում չկա ժողովրդավարություն։ Նոր աշխարհում մարդիկ գնում են բացարձակ ռոբոտացման։ Նոր աշխաչհում չեն լինելու զգացմունքներ, սեր ու ջերմություն։ Նոր աշխարհում չի լինելու մարդկություն։ Նոր աշխարհում լինելու են վերահսկվող ռոբոտներ։

Ես ծնվել եմ ազատ ու նախընտրում եմ մեռնել ազատ վերահսկողության տակ ապրելու փոխարեն։

Նոր աշխարհը իմ աշխարհը չէ։

Հեռավար ուսուցում։ Մարտ

«Կարդում ենք Չարենց» նախագիծը  շարունակվում է․
«Չարենցի գույները»-առաջադրանք
1․ Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի  «Ծիածան» ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ:

2․ Կարդա՛  Կապույտի,  Ոսկու,  Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե  ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:

Չարենցի հայտնի  շարքերից մեկն է: <<Ծիածան>> շարքը նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին, Չարենցի սրտում հավետ է եղել նա, անգամ երբ ուրիշի հետ է ամուսնացել նա մտքով և հոգով ցանկացել է լինել Կարինեի հետ:

Չարենցը իր այս շարոքում ունի 3 գույն, որոնք նկարագրում են իր և Կարինե Քոթանջյանի հարաբերությունները: 3 գույներն են՝

Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:

Ոսկեգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջան էր:

Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառատողում՝

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,

Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան

Ընկավ ամոթխած գիրկը լռության —

Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում

Մի խամրած մշուշ մանուշակագույն…
3․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով  հերոսին:

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

 

Բանաստեղծությունը իդեալական աղջկա մասին է։ Բանաստեղծը նրա աչքերը համեմատում է Աստվածամոր աչքերի հետ, անվանում է նրան հոգեթով, կապույտ որպես երջանկության խորհրդանիշ։ Ակնհայտ , որ բանաստեղծը գրել է իր սիրելիի մասին։

Նախագիծ։ Հեռավար ուսուցում

Կարդում ենք արտասահմանյան գրականություն
Գաբրիել Գարսիա Մարկես «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը։
Առաջադրանք․

  • Կարդա, վերլուծիր պատմվածքը։
  • Ո՞րն է պատմվածքի հիմնական գաղափարը։
  • Կարդալ Մարկեսի պատմվածքներից ձեր նախասիրությամբ։Լրացուցիչ1

 

Պատմվածքը գյուղի ժողովրդի մասին է, ովքեր ծովից մի գեղեցիկ ջրահեղձ գտնելով սկսում են երևակայել, թե նա ով է, անունը ինչ է, ինչպիսի կյանք է ապրել և ինչու է խեղդվել։ Ջրահեղձին գտնելուց հետո ժողովրդի կյանքը արմատապես փոխվում է։ Սկզբում կանայք հմայվեցին նրա տեսքով ու սկսեցին ենթադրություններ անել նրա կյանքի վերաբերյալ։ Տղամարդիկ ուզում էին նրան ծովը նետել ոտքից առևտրական նավի խարիսխ կապելով, որ ծովը նրան այլևս ափ չբերի։ Երբ կանայք բացեցին ջրահեղձի դեմքը տղամարդիկ նույնպես տեսան նրա գեղեցկությունը ու գյուղը որոշեց ամենագեղեցիկ հուղարկավորությունը կազմակերպել նրա համար։ Նույնիսկ մայր ու հայր ընտրեցին նրա համար ովքեր պիտի սգային։ Նրան բաց թողեցին ծով առանց խարիսխի որպեզսի վերադառնա երբ ցանկանա։ Այս ամենից հետո նրա հիշատակը վառ պահելու համար գյուղի տղամարդիկ տան հատակը ավելի ամուր դարձրին, առաստաղը ավելի բաևձր, իսկ տների ճակատները վառ գույներով գունավորեցին։

Կարծում եմ յուրաքանչյուր մարդու կյանքում արմատական փոփոխություններ են տեղի ունենում ինչ-որ ցնցում ապրելուց հետո։ Ջրահեղձը հենց այդ ցնցումն էր գյուղի համար։

Երանելի է, երբ մարդու կյանքում այնպիսի մի բան է տեղի ունենում, որ սկսում է ամեն բան այլ կերպ ընդունել, հասկանալ, ընկալել:

 

Կարդացի <<Մահվան մյուս երեսը>> պատմվածքը, որը պատմում էր մի տղամարդու ապրումների մասին ում երկվորյակ եղբայրը մահացել էր։

Մարտի 16-20 Առցանց ուսուցում

Ստեղծագործական՝ «Իմ ժամանակը»։ Կազմեք ձեր օրագիրը, գրեք ձեր անցկացրած օրվա մասին, զբաղմունքը, այլ։

Հիմնականում օրակարգ չունեմ։ Օրս անցկացնում եմ անկանոն։ Աշխատանքային օրերին ամենահետաքրքիր բանը, որ անում եմ դպրոց գնալն է։ Դասերից հետո անպայման ընկերներիս հետ գնում եմ կակաո խմելու կամ ին-որ ուրիշ տեղ։ Պատահում է, որ երեկոյան հանդիպում ենք բարում կամ գնում ենք կինո ու երիտասարդ խմբերի ելույթները լսելու (հիմնականում փաբերում)։  Շաբաթ և կիրակի օրերը անցկացնում եմ քնած։ Ինչպես յուրաքանչյուր դեռահաս օրս չեմ պլանավորում ու ժամին չեմ նայում։ Ակնթարթները կառաջնորդեն։ Ապրում եմ պահի ազդեցության տակ։