Պատերազմը պարտություն է ազգերի համար՝ հաղթանակ մեկի կամ մի քանիսի համար։ Հիմնականում շահում է նա, ով սեղմել է <<պատերազմի կոճակը>>։ Պատերազմ սկսողը սրիկա է։
Մարդիկ ովքեր գաղափար չունեն ինչ է պատերազմը այնպիսի հպարտությամբ են խոսում հաղթած պատերազմների մասին, այնպիսի կրքով են պատմում դրանց մասին իրենց երեխաներին ու վերջում էլ մի քանի հայհոյանք սովորեցնում։
Եթե տարածքներ ես գրավել նշանակու՞մ է հաղթել ես, Եթե տարածքներ ես կորցրել նշանակու՞մ է պարտվել ես։ Նրանք ովքեր հարազատներ են կորցրել կորցրել են կյանքի իմաստը, ապրելու ցանկությունը անկախ գրաված կամ կորցրած տարածքի չափից։
Ի՞նչպես պիտի ապրեն նրանք ովքեր վերադարձել են առանց ձեռքի կամ ոտքի։ Ի՞նչպես պիտի ապրեն նրանք ովքեր վերադարձել են ձեռքով և ոտքով, բայց խախտված հոգեբանությամբ։ Ի՞նչպես պիտի ապրեն ծնողները, ովքեր տեղեկություն չունեն իրենց զավակներից։ Ի՞նչը պիտի մխիթարի նրանց։ Հավանաբար հետմահու մեդալներն ու հայրենիքի վեհ գաղափարը։
Ցավում եմ, բայց ես օժտված չեմ նման հայրենասիրությամբ։ Ինձ հաղթող չեմ համարի, եթե սիրելիներիցս մեկը մեռնի հայրենիքի համար։ Ինձ հաղթող չեմ համարի, եթե ինչ-որ մեկի սիրելիներից մեկը մեռնի հանուն հայրենիքի վեհ գաղափարի։
<<Ես հիմա ապրում եմ երկուսիս փոխարեն>>, <<Դու հաղթեցիր>>, <<Դու անմահացար>> և նմանատիպ ֆեյսբուքյան գրառումները ինքնամխիթարման տարբերակ են։ Ինձ հանուն հայրենիքի զոհված ու հերոսացած հայրեր ու զավակներ պետք չեն։
Լավ, թող հայրդ այսօր գնա զոհվի, որ վաղը ձեր տուն չհասնեն։ Երբևէ մտածե՞լ եք, որ եթե հայրս այսօր զոհվի ես վաղը տուն չեմ ունենա։
Յուրաքանչյուրիս համար աշխարհը սկսվում ու ավարտվում է մեր զավակով։
Մայրս ամեն օր լալիս է ռազմագերիների համար։ Մի օր հարցրեցի կտա՞ր ինձ բոլոր ռազմագերիների դիմաց։ Չեմ կարծում թե իմ հանդեպ բուռն զգացմունքներ է տածում, բայց ասաց ոչ։ << Ոչ, բայց ես կհանձնվեի>>։
Բոլոր ընտանիքները որոնք հարազատներ են կորցրել չեն կարող հաղթած լինել։ Բոլոր նրանք ովքեր հարազատներ չեն կորցրել, բայց մտահոգված են այդ ընտանիքների ցավով չեն կարող հաղթած լինել։
Ես պարտված եմ, քանի որ ընտանիք չեմ կազմելու ու զավակներ չեմ ծնելու։ Ես զավակներ չեմ ծնելու, որ հանուն հայրենիքի ուղարկեմ մահվան։ Ես ամուսնական երդում չեմ տալու, որ հանուն հայրենիքի այրիանամ։
Ես ու իմ նման միլիոնավոր երիտասարդներ պարտվել ու պարտվում են հանուն սրիկաների շահերի ու բարեկեցության։
Մարդասիրություն գոյություն չունի։ Մեզ բավականաչափ չսիրեցին ապագան չկործանելու համար։
Ի՞նչպես պիտի վերնագրենք ՀԱՅՈՑ պատմության այս բաժինը՝ ԱՆԲԱՐՈ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ։
