1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը.
ա/ Պետական կրոնը
բ/ Գրային համակարգերը / 10-րդ դաս., էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում.
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը, Տոմարը
գ/ Արվեստը՝ Շինարարություն, Ճարտարապետություն
դ/ Նեմրութի սրբավայրն ու Գառնիի հուշարձանախումբը /բանավոր, 10-րդ դաս., էջ 101-107, 110-111, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը.
2. Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները.
3. Նկարագրե՛ք Նեմրութի սրբավայրը: Հին աշխարհի ո՞ր կառույցների հետ այն կարելի է համեմատել /գրավոր-բլոգային աշխատանք/.
1․
Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տիրակալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայնական) սեպագիր հուշարձաններում:
Իշպուինի արքայի օրոք (Ք.ա. մոտ 825-810 թթ.) միջագետքյան սեպագրության բարեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրարտական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ[1]: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրային բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոնյան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ընթերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազվադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրեթե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետքից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմնականում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կոթողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշաններն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարինվում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սեպիկները վերածվում են հորիզոնականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:
Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունումը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տարբերություն նախկինում գործածված բառային ու վանկային համակարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է Ք.ա. III դարից սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզչության նպատակով:
2․
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ: Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով: Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը: Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր:Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթների, պաշտամունքային տարրերի քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ:Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:
3․
Հայկական լեռնաշխարհում գտնվող փոքր Նեմրութ լեռան (Մեծ Նեմրութը գտնվում է Վանա լճի արեւմտյան կողմում-3050 մ) վրա գտնվող հայ հեթանոսական Աստվածների հուշարձանախումբը շարունակում է մնալ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակում (ֆոտոռեպորտաժ): Սակայն թե ցուցանակներում, թե զբոսավարների պատմածներում իսպառ բացակայում է «հայ» անունը` շեշտվելով միայն հունական Աստվածների անունները:
Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, ով Քրիստոսից առաջ 70 թվականին Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագարդրվել էր Տիգրանյան թագով, 2150 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական Աստվածների եւ իր արձանը:
Նեմրութ լեռան գագաթին է գտնվում է Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների, թաղված է Անտիոքոսը: Ավազաբլուրների արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: Բացի իր եւ Աստվածների արձաններից, Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ թագավորության խորհրդանիշ առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են գտնվում Անտիոքոսի նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան դամբարանաբլուրը մեծ վեճի առարկա է դարձել Թուրքիայի Ադըյաման եւ Մալաթիա նահանգների միջեւ: Նեմրութ լեռը գտնվում է Ադըյաման նահանգի տարածքում, սակայն Մալաթիայի նահանգապետարանը պնդում է, որ լեռան վրա գտնվում են հուշարձաններ, որոնք մտնում են Մալաթիայի նահանգի մեջ:
Տարիներ տեւող այս վեճը դեռ վերջնական լուծում չի ստացել: Ադըյամանի նահանգապետարանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել՝ զգուշացնելով Մալաթիայի նահանգապետարանին՝ Նեմրութ լեռան Աստվածների պատկերները չօգտագործել որպես Մալաթիայի խորհրդանիշ: Այս վեճի պատճառն այն է, որ Նեմրութ այցելող զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսում, ուստի, ամեն նահանգ աշխատում է զբոսաշրջիկներին իր նահանգի միջոցով ուղղորդել դեպի Նեմրութ:
Լեռան վրա տիրող անբարենպաստ եղանակային պայմանները՝ ուժեղ քամիները եւ սաստիկ սառնամանիքները մեծ վնաս են հասցնում հուշարձաններին: «Մեր քունը փախել է այն մտքից, որ կարող է հանկարծ այդ արձանները վնասվեն։ Իմ ձեռքում լիներ, վերմակս այդ արձանների վրա կգցեի»,-մի առիթով ասել էր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը՝ շեշտելով, որ իրենք տարբեր առաջարկներ են ստացել՝ արձանների պահպանման հետ կապված։
Ըստ նախարարի՝ որոշ մասնագետներ առաջարկում են արձանները պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը, ինչպես նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել կամ վրան տեղադրել։ «Ձմռանը լեռան վրա ուժեղ քամի է լինում եւ դրան չի դիմանա թե վրանը, թե ապակե պատերը։ Իսկ ամուր ապակել պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչով ավելի վնաս կտանք արձաններին։ Դրա համար էլ մտածում ենք, որ ամենահարմար տարբերակն այն է, որ արձանները ուղղաթիռով տեղափոխվի 800 մետր ներքում գտնվող Քահթայի թանգարաններից մեկը»,-նշել էր Էրթուղրուլ Գյունայը: